Ուինսթոն Չերչիլ
Սըր Ուինսթոն Չերչիլ (անգլ.՝ Sir Winston Leonard Spencer Churchill, նոյեմբերի 30, 1874[1][2][3][…], Բլենհելմյան ամրոց, Վուդստոք - հունվարի 24, 1965[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, լրագրող, Բրիտանական ակադեմիայի (1952) պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1953)։
Ընտանիքը, մանկությունը և պատանեկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա բրիտանական խորհրդարանի (պառլամենտ) Համայնքների պալատի պատգամավոր էր։ Ինչպես և հետագայում՝ Ուինսթոնը, նրա հայրը նույնպես Պահպանողական կուսակցության անդամ էր։
Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ էն Էվերեսթը (անգլերեն Elizabeth Anne Everest), ում նա սովորաբար «պառավ» էր ասում։ Ութ տարեկանում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվում էր պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունն այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ։
Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ. նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։
1893 թ. Ուինսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։ Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 թ. փետրվարի 2-ին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումն ստանալուց հետո Ուինսթոն Չերչիլն անցնում է ծառայության թագուհու անձնական 4-րդ հուսարական գնդում։ Մի քանի ամիս հետո, մոր միջամտությամբ, Չերչիլը ուղարկվում է Կուբա, որպես «Դեյլի գրեֆիք» (անգլ.՝ Daily Graphic) թերթի զինվորական թղթակից, նա պետք է հանգամանորեն ներկայացներ իսպանացի գաղութարարների դեմ տեղացիների ապստամբությունը։
Իսպանական բանակում գործուղման մեջ գտնվելու ժամանակ, նա առաջին անգամ հայտնվում է կրակի գոտում, և նրա հոդվածներից հինգը տպագրվում են թերթում, որոնցից մի քանիսը «Նյու Յորք Թայմսում»։ Իսպանական կառավարության կողմից «Կարմիր խաչ» մեդալով պարգևատրվելը Չերչիլի սկանդալային բնավորությանն ավելի մեծ ճանաչողություն է բերում, դրանից հետո բրիտանական մամուլը հայտնում է իր կասկածները նրա, որպես թղթակցի, միջանկյալ դիրքի մասին։ |ԱՄՆ Կուբայում իր ծառայությունն ավարտելուց հետո, դեպի Անգլիա ետդարձի ճանապարհին Չերչիլն առաջին անգամ լինում է ԱՄՆ-ում։
Հետո երբ 1896 թվականի հոկտեմբերին նրա զորամասը ուղարկվում է Հնդկաստան՝ Բանգալոր քաղաք, Չերչիլը շատ է զբաղվում ընթերցանությամբ, փորձելով լրացնել համալսարանական կրթության պակասը և դառնում է հմուտ պոլո խաղացող՝ զորամասային թիմում։
Մոտ մեկ տարի Բանգալորում ծառայելուց հետո, նա ցանկություն է հայտնում միանալ Հնդկաստանի հյուսիս արևմուտքում, Մալականդ լեռնային շրջանում, փուշթունական ցեղերի դեմ պայքարող բրիտանական զինվորական արշավախմբային կորպուսին, այս հարցում նույնպես նրան օգնության է հասնում նրա մոր՝ լեդի Ռենդոլֆի կապերը բարձրաշխարհիկ շրջապատում[9]։ Այս ռազմական գործողությունների ընթացքում, որ ավելի վտանգավոր ու դաժան էր քան Կուբայում, Չերչիլն աչքի է ընկնում խիզախությամբ, նա այդ մասին գրում է մորը, - «Այս աշխարհում, ավելի շատ ես ձգտում եմ ձեռք բերել քաջի համբավ, քան որևէ այլ բանի»։ Իսկ իր տատիկին՝ Մարլբորոյի դքսուհուն ուղղված նամակում, նա քննադատում է այս գործողությունների անիմաստությունն ու երկկողմանի դաժանությունը, -
«Փուշթունները կտտանքի են ենթարկում վիրավորներին և խոշտանգում սպանվածներին։ Զինվորները չեն խնայում իրենց ձեռքն ընկած ոչ մի հակառակորդի, վիրավոր լինեն, թե ոչ։ Զինվորական հիվանդանոցներն ու պահակախմբերը թշնամու համար հանդիսանում են հատուկ թիրախ, իսկ մենք ոչնչացնում ենք նրանց խմելու ջրի ջրամբարները, որոնք նրանց համար ամռանը ջուր ստանալու միակ միջոցն են, և օգտագործում ենք նրանց դեմ նոր «Դում-դում» փամփուշտները՝ որոնց ազդեցությունը սարսափելի է։
…
Այս ամենը ֆինանսական առումով սնանկացուցիչ է, բարոյական առումով՝ անընդունելի, ռազմական առումով՝ անիմաստ և սխալմունք՝ քաղաքական առումով։»
"The tribesman torture wounded and mutilate dead. The troops never spare a single man who falls into their hands - whether he be wounded or not. The field hospitals and sick convoys are the especial targets for the enemy and we destroy the tanks by which alone [water] for the summer can be obtained - and employ against them a bullet - the new Dum-Dum bullet ... the shattering effects of which are simply appalling.
...
Financially it is ruinous. Morally it is wicked. Military it is an open question and politically it is a blunder."[10]
Նամակները տպագրվել են «Դեյլի թելեգրաֆ» թերթում, իսկ հետո հրատարակվում է նրա «Մալականդի դաշտային կորպուսի պատմություն» գիրքը (անգլ.՝ «The Story of the Malakand Field Force»)[10]։.
Մալականդից վերադառնալուց հետո, Չերչիլը նորից դիմում է հրամանատարությանը, որպես զիվորական թղթակից Հյուսիսային Աֆրիկա գործուղվելու համար, սակայն դա չի արժանանում հրամանատարության հավանությանը, դրա համար նա դիմում է անձամբ վարչապետին՝ լորդ Ռոբերտ Սոլսբերիին։
Արդյունքում Չերչիլը նշանակվում է լեյտենանտի արտահաստիքային պաշտոնի, բայց հրամանատարը հատուկ նշում է, որ վիրավորվելու կամ զոհվելու դեպքում նա ռազմական ֆոնդից հատուցում չի ստանալու[10]։ 1898 թվականին Չերչիլն ուղարկվում է Եգիպտոս, որտեղից էլ Սուդան՝ ճնշելու Մահդիականների ապստամբությունը։ Այնտեղ նա նաև թղթակցում է Լոնդոնի «Մորնինգ փոսթ» օրաթերթին։ Սուդանում ապստամբներն ունեին բավական թվական գերակշռություն, մինչդեռ անգլա-եգիպտական բանակն առավել էր սպառազինությամբ, որի թվում կային հրետանի, նոր տիպի հրազեն, հրետանավակներ ու նաև Մաքսիմ գնդացիրներ։
1898 թ. սեպտեմբերի 2-ին, Օմդուրմանի մոտի գլխավոր ճակատամարտին, մասնակցում է նաև Չերչիլը՝ հեծելազորի (այրուձի) կազմում[11]։
Սուդանի գործողությունների մասին նա գրում է իր «Գետի պատերազմը» (անգլ.՝ «The River War») գիրքը։
Սուդանից Չերչիլը վերադառնում է Հնդկաստան, համազգային մականախաղի մրցումներին մասնակցելու համար, որտեղից հաղթանակած վերադառնալուց հետո, 1899 թվականի մայիսի 5-ին, թողնում է ծառայությունը՝ անցնելով պահեստազոր։
1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ Ռոբերտ Ասքրոֆթն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու՝ Օլդհեմի շրջանից։ Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալ կուսակցությունը։
Նույն թվականի աշնանը հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունների հետ բրիտանական կառավարության հարաբերությունների սրումը հանգեցնում է Անգլո-բուրական երկրորդ պատերազմին։ Սեպտեմբերի 18-ին Չերչիլը «Դեյլի մեյլ» թերթից առաջարկություն է ստանում՝ որպես ռազմական թղթակից մեկնել հարավային Աֆրիկա, սակայն Չերչիլը, դեռ չպատասխանած նրանց առաջարկին, դիմում է «Մորնինգ փոսթ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել[10]։ Ընդունելով «Մորնինգ փոսթ» թերթի առաջարկը՝ Չերչիլը, հոկտեմբերի 18-ին, պատերազմն սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա։
Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլը զրահապատ գնացքով մեկնում է տեղազննության, որը ղեկավարում էր կապիտան Հոլդեյնը՝ (անգլ.՝ Haldane), ում արդեն նա ծանոթ էր Մալականդից։ Գնացքը բուրերի (հոլ.՝ boeren - գյուղացիներ, անգլ.՝ boer) կողմից հայտնաբերվում և ենթարկվում է հրետակոծության, հիսունին մոտ զինվոր գերի են ընկնում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը։ Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար, որը տեղակայված էր Պրետորիայի Պետական բարձրագույն դպրոցում։ Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և ավագ-սերժանտ Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912 թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել[10]։
Փախչելով ճամբարից՝ Չերչիլը ապրանքատար գնացքով աննկատ հասնում է Ուիթբանկ, որտեղից անգլիացի ինժեներ ճարտարագետ Դյուսնափի (անգլ.՝ Daniel Dewsnap) օգնությամբ գաղտնի անցնում է սահմանը։ Փախուստը Չերչիլին դարձնում է հայտնի, նա ստանում է բրիտանական խորհրդարանում իր թեկնածությունն առաջադրելու մի քանի առաջարկ, նաև՝ Օլդհեմի ընտրազանգվածի խոստումը, որ նրան կընտրեն անկախ քաղաքական հայացքներից[10], բայց Չերչիլը նախընտրում է մնալ բանակում, ստանում է թեթև հեծելազորի լեյտենանտի պաշտոն՝ նաև շարունակելով աշխատել, որպես «Մորնինգ փոսթ»-ի հատուկ թղթակից։
Չերչիլն այդ պատերազմում շատ մարտերի է մասնակցում, մարտերում դրսևորած արիության համար գեներալ Համիլտոնն նրան ներկայացնում է Վիկտորիայի Խաչով պարգևատրման, բայց քանի որ Չերչիլն արդեն պաշտոնից հրաժարվել էր՝ չի պարգևատրվում[12]։ 1900 թվականին Չերչիլն «Դանոթար Քասլ» փոստատարային նավով վերադառնում է Անգլիա, այն նույն նավով, որով ութ ամիս առաջ մեկնել էր հարավային Աֆրիկա[13]։
Հարավաֆրիկյան պատերազմը որպես Չերչիլի քաղաքական կարիերայի ոստնակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց հարավաֆրիկյան պատերազմը դարձավ այն ոստնակը կամ տրամպլինը, որն առաջ մղեց երիտասարդ Չերչիլին՝ ի վերջո վերածելով 20-րդ դարի բրիտանական և ընդհանրապես համաշխարհային քաղաքականության ականավոր դեմքերից մեկին։ Փոքր-ինչ ավելի մանրամասնելով այդ պատերազմին նրա մասնակցության որոշ պահեր, կարելի է նկատել, որ Չերչիլը բարդ և երբեմն, որոշ չափով հակասական կերպար էր։ Նա Անգլա-բուրական երկրորդ պատերազմին, ինչպես հայտնի է, մասնակցում էր որպես «Մորնինգ փոսթ» անգլիական թերթի ռազմական թղթակից։ Նա ուներ բրիտանական բանակի լեյտենանտի կոչում։ Երբ բուրերի հետ մարտական բախումներից մեկի ժամանակ մասնակիորեն շարքից դուրս եկավ բրիտանական զրահագնացք «Երկարավարս Մերին», Չերչիլը գերի ընկավ բուրերի մոտ, որոնք նրան ուղարկեցին Պրետորիա։ 1989 թվականի դեկտեմբերին Չերչիլին հաջողվեց փախուստի դիմել գերությունից։ Սակայն դրա համար նա խաբեության դիմեց. ստեց իր հայրենակցին՝ բրիտանական «Երկարավարս Մերի» զրահագնացքի հրամանատար՝ կապիտան Ալմեր Հոլդեյնին (հետագայում Ալմեր Հոլդեյնը դարձավ բրիտանական բանակի գեներալ-մայոր)։ Բանն այն է, որ Չերչիլն ու Հոլդեյնը պայմանավորվել էին միասին փախուստի դիմել։ Արդյունքում Հոլդեյնին հաջողվեց փախուստի դիմել ընդամենը սոսկ երեք ամիս անց՝ 1900 թվականի մարտին։ Գերությունից փախած Չերչիլը՝ բրիտանացիների՝ ճարտարագետ Հովարդի և շոգեքարշի մեքենավար Դենիել Դյուսնափի օգնությամբ երկաթուղով հասավ Պորտուգալիային պատկանող Մոզամբիկ գաղութ։ Այստեղից Չերչիլը դարձյալ վերադարձավ Անգլա-բուրական պատերազմի ռազմաբեմ։ Բուրերը գերությունից փախուստի դիմած Չերչիլի գլխի համար նշանակեցին պարգև կամ գլխագին՝ 25 բրիտանական ֆունթի չափով։ Այդ մասին տպարանային հայտարարությունը Չերչիլը մինչև կյանքի վերջը պահում էր իր աշխատասենյակի պատին՝ շրջանակի մեջ դրված՝ ապակու տակ։ Ռազմական թղթակցի հաջող փախուստը թնդաց աշխարհով մեկ, և հենց դրա շնորհիվ Չերչիլը ընտրվեց բրիտանական խորհրդարանի անդամ ու գրեց իր ռազմական հետաքրքիր հուշերը հարավաֆրիկյան պատերազմի մասին։ Պատմաբաններից ոմանց կարծիքով, հենց Չերչիլի մասնակցությունը անգլա-բուրական պատերազմին և հաջող փախուստը բուրական գերությունից հանդիսացան իր հետագա քաղաքական կարիերայի հիմքը։ Ի դեպ, «Երկարավարս Մերի» զրահագնացքը դրանից հետո սկսեցին կատակով անվանել «Ուինսթոն Չերչիլի մահացու ծուղակ»։
Քաղաքական կարիերան մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը` 1900–1939
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանի անդամի կարիերայի վաղ շրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայից վերադառնալուց հետո, Անգլիայում Չերչիլն ավարտին է հասցնում իր «Յան Համիլտոնի մարշ» գիրքը, որում նկարագրվում էր Անգլո-բուրական երկրորդ պատերազմի իրադարձությունները, ու նաև վերադառնալով, երկրորդ անգամ առաջադրում իր թեկնածությունը 1900 թ. բրիտանական խորհրդարանի ընտրություններին, այս անգամ նույնպես՝ Օլդհեմի շրջանից և Պահպանողական կուսակցությունից։ Այս ընտրություններում, բացի հերոսի համբավը և Օլդհեմի ընտրողների աջակցությունը նրան օգնում է նաև այն հանգամանքը, որ իրեն փրկող ինժեներ Դյուսնափը ծնունդով հենց Օլդհեմից էր, ինչը և Չերչիլը չէր մոռացել նշել իր ընտրարշավի ժամանակ[14][15][16]։ Ընտրություններում նա իր հակառակորդ լիբերալ թեկնածուից առաջ է ընկնում 222 ձայնով և հաղթում, այսպիսով նա արդեն 26 տարեկանում դառնում է Հանրային պալատի պատգամավոր[17]։
Նույն թվականին նա հրատարակում է «Սավրոլա» վեպը, իր միակ խոշոր գեղարվեստական ստեղծագործությունը։ Որոշ գրականագետներ համարում են, որ «Սավրոլայի» գլխավոր հերոսի դերում հեղինակն իրեն է նկարագրել։
1901 թվականի փետրվարին նա Հանրային պալատում հանդես է գալիս իր առաջին ճառով՝ Հարավային Աֆրիկայի ետպատերազմյան կարգավորման մասին։ Նա կոչ է անում բարեգութ վերաբերվել պարտված բուրերի նկատմամբ։
Նույն թվականի մայիսին Չերչիլն անսպասելի խստությամբ քննադատում է ռազմական նախարար ռազմական բյուջեի ավելացման մասին Բրոդրիքի (անգլ.՝ William Brodrick) առաջարկած ծրագիրը։ Անսպասելին միայն այն չէր, որ Բրոդրիքն ու Չերչիլն նույն կուսակցության ներկայացուցիչներ էին, այլ նաև այն, որ նախքան ելույթ ունենալը նա արդեն իր ելույթի տեքստն ուղարկել էր «Մորնինգ փոստ» Լոնդոնյան օրաթերթին։
Միայն սրանով Չերչիլի և իր կուսակիցների միջև տարաձայնությունները չեն ավարտվում, 1902-1903 թթ. նա շատ անգամներ դեմ է հանդես գալիս գաղութարար քաղաքականության և ազատ առևտրին վերաբերող հարցերին, մասնավորապես, նա դեմ էր հացահատիկի ներմուծման հարկին։
Բանակից զորացրվելուց հետո Չերչիլը 1902 թ. հունվարի 4-ին անցնում է ծառայության Թագավորական Տարածքային հեծելազորում (անգլ.՝ Royal Yeomanry), Թագուհու անձնական հուսարական Օքսֆորդշիրի գնդում կապիտանի կոչումով[18]։ 1905 թ ապրիլին նա ստանում է մայորի կոչում և գլխավորում է նույն գնդի Հենլի էսկադրոնը[19], իսկ 1916 թ. սեպտեմբերին տեղափոխվում է Բրիտանական բանակի սպայական Տարածքային բանակ, որտեղ մնում է մինչև իր 50-ամյակը լրանալը՝ 1924 թ.[19]:
Կուսակցության ներսում մի շարք տարաձայնությունների արդյունքում 1904 թ. մայիսի 31-ին Չերչիլը հեռանում է Պահպանողական կուսակցությունից և անցնում է Լիբերալ կուսակցության շարքերը։
1905 թ դեկտեմբերի 12-ին Չերչիլը նշանակվում է բրիտանական գաղութների գործերով նախարարի տեղակալ, նախարարն այդ ժամանակ լորդ Էլջինն էր, իսկ կառավարության վարչապետը՝ Հենրի Քեմփբել-Բաներմանը։ Այդ պաշտոնում Չերչիլն զբաղվում է բուրական պետությունների սահմանադրությունների մշակմամբ։
Մի քանի տարի անց 1908 թ. ապրիլի սկզբին, Հենրի Քեմփբել-Բաներմանը հիվանդության պատճառով դժվարանում է կատարել վարչապետի իր պարտականությունները, որի հետևանքով Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր (նախարար) Հերբերտ Ասքուիթը նշանակվում է վարչապետ, իսկ Առևտրի և արդյունաբերության նախարար Դեյվիդ Լլոյդ Ջորջը նշանակվում է Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր, արդյունքում Չերչիլը նշանակվում է նոր պաշտոնի՝ Առևտրի և արդյունաբերության նախարար։ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, ինչպես և Չերչիլը, նույնպես դեմ էր կառավարության ռազմական ծախսերի ավելացման բանաձևին, սակայն նրա և Չերչիլի ջանքերը միշտ չէ, որ հաջողություն էին ունենում։ Չերչիլն այսպես է նկարագրում ռազմանավերի շինարարության մի պատվեր.
«Ելքը բնորոշ էր և միևնույն ժամանակ՝ զվարճալի։ Ծովակալությունը պահանջում էր վեց գծանավ, իսկ տնտեսագետները առաջարկում էին միայն չորսը, ի վերջո մենք որոշեցինք արտադրել ութ նավ»:
A curious and characteristics solution was reached. The Admiralty had demanded six ships, the economists offered four, and finally we compromised on eight[10]
Չերչիլն Ասքուիթի կառավարության կողմից կատարվող սոցիալական բարեփոխումների աջակից էր, 1908 թ. նա նախաձեռնում է նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որն ընդունվում է մեծամասնության քվեարկությամբ, այն առաջին անգամ Անգլիայում սահմանում էր աշխատանքային օրվա տևողությանը և աշխատավարձին վերաբերվող հստակ նորմեր։
Ներքին գործերի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թ. փետրվարի 14-ին Չերչիլը 35 տարեկանում նշանակվում է Ներքին գործերի նախարարի պաշտոնի, որից հետո մինչև1923 թ. թողնում է գրական գործունեությունը։ Այս տարիներին նա ենթարկվում է փորձությունների, մի կողմից աշխատավոր ցուցարարների և սաֆրջեթուհիների կազմակերպած անկարգությունները, մյուս կողմից քաղաքական բոլոր խմբավորումների խիստ քննադատությունը նրա նկատմամբ, և բացի դա, նա, որպես նախարար կատարվող ամեն ինչի համար պատասխանատվություն էր կրում։ Նույն տարվա նոյեմբեր ամսին Ռոնդա Քինոն Թաֆ (Հարավային Ուելսում) հանքափորների քաղաք Թոնիփենդիում հայտարարված գործադուլը վերաճում է զանգվածային անկարգությունների, այն բանից հետո երբ գործադուլին չմասնակցող հանքափորները վերսկսում են աշխատանքը։ Տեղական ոստիկանության պահանջով Չերչիլը դիմում է զորքի միջամտությանը, և չնայած այն բանին, որ նա զորքին հրամայել էր ոչ մի ընդհարում չունենալ ցուցարարների հետ, և ցուցարարների վրա կրակելու մասին կեղծ լուրերը բազմակի անգամներ հերքվել էին, այդ իրադարձությունը բացասական անդրադարձ ունեցավ հանրության մեջ և լեյբորիստները քննադատեցին նրան չափազանց կոշտ միջոցներ կիրառելու համար, իսկ պահպանողականները անվստահ գործելու համար[17]։
Ծովակալության առաջին լորդ (1911–1915)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմը և հետպատերազմյան դաշնախումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թ. հուլիսի 28-ին՝ Սերբիային Ավստրո-Հունգարիայի պատերազմ հայտարարելու օրը Չերչիլը հրամայեց նավատորմին ընդունել մարտական դիրք, իսկ օգոստոսի 3-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
Հոկտեմբերի 5-ին Չերչիլը ժամանեց Անտվերպեն՝ անձամբ քաղաքի պաշտպանությունը գլխավորելու համար, հոկտեմբերի 10-ին գերմանացիներն այն գրավեցին, զոհվեց 2500 զինվոր։ Չնայած չափազանց մեծ մարդկային և նյութական կորուստներին, շատերը նշում էին, որ Անտվերպենի պաշտպանությունը նպաստեց նրան, որ դիմանան Կալե և Դյունկերկ քաղաքները։
Պատերազմի ընթացքում Չերչիլն ունեցավ իր մասնակցությունը՝ առաջին տանկերը մշակելու և տանկային զորքեր ստեղծելու գործում։
1915 թ. նա դարձավ Դարդանելի գործողության նախաձեռնողներից մեկը, որն ավարտվեց դաշնակից զորքերի պարտությամբ և առաջացրեց կառավարական ճգնաժամ։ Ձախողման պատասխանատվությունը Չերչիլն զգալի չափով վերցրեց իր վրա և հրաժարվեց Ծովակալության առաջին լորդի պաշտոնից։
Արևմտյան ռազմաճակատում
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին Բրիտանական կառավարությունում իր պաշտոնից հրաժարական տալուց հետո, Չերչիլը ծառայության անցավ Բրիտանական բանակում, փորձ անելով ձեռք բերել բրիգադի հրամանատարի պաշտոն, սակայն ստացավ միայն գումարտակի հրամանատարի պաշտոն։ Որոշ ժամանակ ծառայելով որպես Գրենադերական գվարդիայի, այսինքն՝ Նռնականետորդների պահակազորային զորագնդի 2-րդ գումարտակի կազմում որպես մայոր, այնուհետև` 1916 թվականի հունվարի 1-ին Չերչիլը նշանակվեց փոխգնդապետ և Արքայական շոտլանդական հրաձիգների՝ ֆուզիլյերների զորագնդի 6-րդ գումարտակի հրամանատար (այդ զորագունդը մտնում էր 9-րդ (շոտլանդական) դիվիզիայի կազմի մեջ)։ Իր կնոջ հետ նամակագրությունից երևում է, որ Չերչիլի՝ ակտիվ ծառայության անցնելու մտադրությունը նպատակ ուներ վերականգնելու իր հեղինակությունը, սակայն մյուս կողմից նրա այդ ձգտմանը խոչընդոտում էր մարտում զոհվելու լուրջ սպառնալիքը։ Չերչիլի բախտից, իր հրամանատարության ժամանակահատվածում իր ենթակա 6-րդ գումարտակը տեղակայված էր պատերազմից տառապող Բելգիայի Պլոէգստեերտ գյուղում (Ploegsteert), սակայն չէր մասնակցում որևէ ճակատամարտի։ Ինչպես գրում է Չերչիլի կենսագիր Ռոյ Ջենքինսը՝ չնայած Չերչիլը խստորեն դեմ էր Արևմտյան ռազմաճակատում իրականացվող ռազմագործողություններին ուղեկցող զանգվածային սպանդին, սակայն ինքն իրեն հաճախակի վտանգի էր ենթարկում՝ էքսկուրսիաներ կատարելով դեպի ռազմաճակատի գիծը կամ դեպի չեզոք գոտին (Անբնակ տարածք՝ No Man's Land)[20]: 1917 թ. նշանակվեց սպառազինությունների նախարար, իսկ 1919 թ. հունվարին՝ ռազմական և ավիացիայի նախարար։ Այդ ժամանակ նա նախաձեռնեց «Տասը տարվա ծրագիր» (անգլ.՝ Ten Year Rule) դոկտրինը, ըստ որի ռազմական ծախսերը պետք է նախատեսվեին ելնելով այն դրույթից, որ Անգլիան պատերազմից հետո տասը տարիների ընթացքում չի ներքաշվելու խոշոր կոնֆլիկտների մեջ։
Ուինսթոն Չերչիլը, իր մահից անմիջապես հետո ստացավ մեծագույն պետական պատիվներից մեկը՝ նա հուղարկավորվեց պետական հուղարկավորման արարողությամբ։
Դրանից բացի, բրիտանական այդ ականավոր պետական, քաղաքական, ռազմական գործիչը ստացել է պատիվների ու պարգևների մի մեծ շարք, որոնցից մի քանիսը ստորև ներկայացված է ժամանակագրական կարգով.
- Չերչիլը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արքունական անձնական խորհրդի անդամ, 1907 թ.:
- 1922 թ. նա օծվել է Պատվո ընկերակիցների միաբանության անդամ[21]։
- 1924 թ., բրիտանական այսպես կոչված «Տարածքային բանակում» երկարատև ծառայության համար նրան շնորհվել է Տարածքային բանակի պարգև[21]։
- 1941 թ. Չերչիլն ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[21]
- 1945 թ. Չերչիլը Հալվդան Կոհթի կողմից առաջադրվել է որպես Խաղաղության Նոբելյան Մրցանակի թեկնածու, սակայն այդ անգամ մրցանակը ստացել է Կորդելլ Հուլլը[22]։
- 1946 թվականին Չերչիլին շնորհվել է Արժանիքների շքանշան[21]։
- 1947 թվականին նշանակվել է Կանադայում Թագուհու Արքունական անձնական խորհրդի անդամ։
- 1953 թվականին Չերչիլն օծվել է աշխարհի հնագույն և ամենապատվավոր միաբանություններից մեկի՝ Կախազարդի Ասպետների Միաբանության անդամ։ Դրանով իսկ Չերչիլը դարձել է Սըր Ուինսթոն Չերչիլ, ԿԱ (Sir Winston Churchill, KG):
- Նույն 1953 թվականին Չերչիլին շնորհվել է Գրականության Նոբելյան մրցանակ, բարձր գնահատելով նրա բազմաթիվ հրատարակված երկերը, հատկապես՝ նրա «Երկրորդ համաշխարհային պատերազմ» ռազմապատմական վեցհատորյակը։
- 2002 թվականին՝ ԲիԲիՍի-ի անցկացրած հարցման ժամանակ, որը կոչվում էր "100 խոշորագույն բրիտանացիներ", Չերչիլը հռչակվել է բոլոր բրիտանացիներից մեծագույնը՝ "The Greatest of Them All", ինչը հիմնված էր ԲիԲիՍի-ի հեռուստադիտողներից գրեթե մեկ միլիոնի տված քվեների վրա[23]։
- Բացի այդ, միջազգային մեծ ճանաչում ունեցող «Թայմ» հանդեսի կողմից Չերչիլը համարվել է աշխարհի պատմության մեջ առավել ազդեցիկ առաջնորդներից մեկը[24]։ Churchill College, Cambridge was founded in 1958 in his honour.
- 1963 թվականին Չերչիլին շնորհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվավոր քաղաքացի կոչումը, որը հաստատվել է ամերիկյան օրենսդրությամբ՝ Public Law 88-6/H.R. 4374 (approved/enacted 9 April 1963)[25][26]:
- 1995 թվականի նոյեմբերի 29-ին, Մեծ Բրիտանիա կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնը հայտարարել է բրիտանական խորհրդարանի զույգ պալատներին, թե ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Էս-դասի Արլեյ Բուրքը» հածանավերից մեկը կրելու է Չերչիլի անունը և կոչվելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ուինսթոն Չերչիլ ռազմանավ» (USS Winston S. Churchill, DDG-81, 6): Դա առաջին ամերիկյան ռազմանավն է 1975 թվականից ի վեր, որը կրելու է ոչ ամերիկյան քաղաքացու անունը։
Պատվո ռազմական կոչումներ և պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերչիլը բավական բարձր ռազմական կոչումներ ուներ բրիտանական բանակում և Բրիտանիայի Տարածքային բանակում, սկսած այն օրվանից, ինչ նա ավարտել էր ռազմական ուսումնարանը և որպես կոռնետ ծառայության նշանակվել Թագուհու 4-րդ անձնական հուսարական զորագնդում, մինչև այն օրը, երբ նա զորացրվեց Բրիտանիայի Տարածքային բանակից և կրելով պահեստազորի փոխգնդապետի կոչումը։
Ի լրումն դրանց, նա կրում էր մի շարք պատվո ռազմական կոչումներ։ Մասնավորապես, 1939 թվականին նա նշանակում ստացավ Օժանդակ ռազմաօդային ուժերում, որպես Պատվավո ռազմաօդային կոմոդոր և 1943 թվականին ստացավ ռազմաօդային անձնակազմի պատվավոր անդամի նշան։ 1941-ին նա դարձավ Արքայական 4-րդ հուսարական զորագնդի գնդապետ։ Ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա հաճախակի կրում էր ռազմաօդային ուժերի կոմոդորի և հուսարական զորագնդի գնդապետի իր համազգեստները։ Պատերազմից հետո նա նշանակվեց Թագուհու արքայական իռլանդական 4-րդ հուսարական զորագնդի, ինչպես նաև Թագուհու անձնական Օքսֆորդշիրյան հուսարական զորագնդի շեֆ-գնդապետ։
1913 թվականին, նա նշանակվեց Ավագ եղբայր Երորրդության տուն մաիաբանությունում, քանզի նշանակվել էր Ծովակալության առաջին լորդ[27]։
Նա 1941 թվականից սկսած մինչև իր մահը կրում էր Cinque Ports հաստատության Լորդ Պահապանի կոչումը, իսկ 1949 թվականին նրան շնորհվեց նաև Քենթի տեղակալ գեներալ-լեյտենանտ պատվավոր ռազմական կոչումը։
Պատվո աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվավոր դոկտոր.
- Ռոչեսթերի համալսարան, Ռոչեսթեր, Նյու Յորք, ԱՄՆ պատվավոր գիտական աստիճան, 1941[28]
- Հարվարդի համալսարան, Քեմբրիջ, Մասաչուսեթս, Մասչուսեթս, ԱՄՆ պատվավոր գիտական աստիճան, 1943
- ՄաքՋիլ համալսարան, Մոնրեալ, Կանադա, պատվավոր գիտական աստիճան, 1944
- Վեսթմինսթեր քոլեջ (Միսուրի), Ֆուլթոն, Միսուրի, ԱՄՆ, 5 մարտի 1946
- Լեյդենի համալսարան, Լեյդեն, Նիդերլանդներ, պատվավոր դոկտոր, 1946[29]
- Մայամիի համալսարան, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ, 1947
- Կոպենհագենի համալսարան, Կոպենհագեն, Դանիա (գիտությունների դոկտոր), 1950
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Winston Leonard Spencer (Lord) Churchill (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britishpathe.com/video/winston-85-not-out/query/clementine
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.express.co.uk/news/history/554733/Sir-Winston-Churchill-State-Funeral-50-Anniversary-Wartime-Prime-Minister
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Sir Winston S. Churchill. «The Story Of The Malakand Field Force – An Episode of Frontier War». arthursclassicnovels.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 R. Holmes, In the Footsteps of Churchill.' The Bubble Reputation 1895-1901. Basic Books, NY, 2005, ISBN 0-465-03082-3
- ↑ R. Churchill, Winston S. Churchill, Volume I
- ↑ Lt Churchill: 4th Queen's Own Hussars, The Churchill Centre. Retrieved 28 August 2009.
- ↑ «FinestHour» (PDF). Journal of the Churchill Center and Societies, Summer 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Jenkins, pp. 45–50
- ↑ Gilbert, Martin (2001). Churchill: A Study in Greatness (one volume edition). London: Pimlico. ISBN 978-0-7126-6725-8.
- ↑ Jenkins, p. 69
- ↑ 17,0 17,1 Н. Роуз, Черчилль. Бурная жизнь. пер. Е. Ф. Левиной, М. «Издательство Аст», 2004, ISBN 5-17-014478-4
- ↑ «Churchill's Commissions and Military Attachments, The Churchill Centre». Winstonchurchill.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 19,0 19,1 «Sir Winston Churchill: Biography: Chronological Summary, Churchill College». Chu.cam.ac.uk. 2009 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Jenkins, Roy (2001). Churchill: A Biography. London: MacMillan. p. 49. ISBN 9780333782903. pp. 301–02
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 List of Fellows of the Royal Society elected in 1941
- ↑ «Record from The Nomination Database for the Nobel Prize in Peace, 1901–1956». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Poll of the 100 Greatest Britons». BBC. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «The Most Influential People of the 20th Century». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Russell, Douglas (2002). The Orders, Decorations and Medals of Sir Winston Churchill. Churchill Centre.
- ↑ 88th Congress (1963) (1963 թ․ ապրիլի 9). «H.R. 4374 (88th)». Legislation. GovTrack.us. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին. «An Act to proclaim Sir Winston Churchill an honorary citizen of the United States of America.»
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Fedden, Robin (2014 թ․ մայիսի 15). Churchill at Chartwell: Museums and Libraries Series. Elsevier. ISBN 9781483161365.
- ↑ «The Birth Throes of a Sublime Resolve». The Churchill Centre. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Leiden University Honorary Doctrates». About.leiden.edu. 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինսթոն Չերչիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինսթոն Չերչիլ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունվարի 24 մահեր
- 1965 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի պատմաբաններ
- Անգլիացի պետական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Գրողներ այբբենական կարգով
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կաթվածից մահացածներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Հռետորներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Ուինսթոն Չերչիլ